Login
ENGHYRU
Home / «Համեղ ուտեստը նման է հաճելի երկխոսության հաճելի անձնավորության հետ». հարցազրույց գործադիր շեֆ Գոռ Մարկոսյանի հետ

«Համեղ ուտեստը նման է հաճելի երկխոսության հաճելի անձնավորության հետ». հարցազրույց գործադիր շեֆ Գոռ Մարկոսյանի հետ

Այսօրվա երթուղին մեզ բերել է «Degustation»-ի գործադիր շեֆ Գոռ Մարկոսյանի խոհանոց: Կի՞նը, թե՞ տղամարդը, ֆրանսիակա՞նը, թե՞ հայկականը, այս և ավելին բացահայտել ենք գործադիր շեֆի հետ ունեցած համեղ զրույցի ընթացքում։

 -Գոռ ջան, խնդրում ենք շարունակել միտքը «Համեղ ուտեստը նման է…»

-Հաճելի երկխոսության  հետաքրքիր անձնավորության հետ, ինչը, նշեմ, կարող է լինել  ինչպես քաղցր, այնպես էլ կծու կամ դառը։

Ի՞նչ նկատի ունեք ասելով լավ ուտեստ, և երբ կհամարեք ուտեստը ստացված։

-Գինեգործները սիրում են նշել, որ լավն է այն գինին, որը չի մնում շշի մեջ։ Նույն տրամաբանությամբ՝ լավն է այն ճաշատեսակը, որը չի մնում ափսեում։

-Ինչպես գիտենք «Degustation»-ում ներկայացված են 6 երկրների խոհանոցներ, որոնք կբավարարեն տարբեր սննդային նախըտրություններ ունեցող մարդկանց քիմքը։ Հետաքրքիր է՝ Ձեզ ավելի շատ ո՞ր բաժինն է դուր գալիս ։

-Ավելի անաչառ լինելու համար պետք է փաստեմ, որ իտալական խոհանոցի դրույթներն ինձ համար ավելի հոգեհարազատ են։

-Ի՞նչ եք զգում, երբ ձեր ուտեստն արժանանում է քմահաճ հաճախորդի հավանությանը։

-Միշտ էլ հաճելի է, երբ կատարածդ աշխատանքը գնահատվում է։ Կարծում եմ յուրաքանչյուր աշխատանքում դա է գործի վառելիքը։

-«Մայրիկի եփածն ուրիշ է» արտահայտությունը հայտնի է բոլորիս, իսկ ու՞մ պատրաստած կերակուրը կգոհացնի խոհարարին:

– Կասեմ մի բան՝ «Մայրիկի եփածն ուրիշ է»:

-Ինչքանո՞վ է կարևոր մատուցման ձևը ուտեստի հաջողության համար։

-Կարիք չկա նշելու, որ ուտեստը պետք է լինի համեղ և որակյալ, իսկ գեղեցիկ մատուցումը շոյում է յուրաքանչյուրիս ներսում ապրող էսթետին, ինչպես նաև լրացուցիչ արժեք ստեղծում հաճախորդի համար։

Մենք բոլորս ենթագիտակցորեն ձգտում ենք գեղեցիկին, և այն նկատելի է ամեն պարագայում։ Ուստի խոհարարները նույպես պետք է ստեղծեն այնպիսի գեղեցկություն ինչով կցանկանա հաճախորդը կիսվել (չմոռանանք վերջին տարիներին ի հայտ եկած՝ սոցցանցերում սնունդի նկարներ տեղադրելու թրենդը):

Ո՞վ է խոհարարը, և արդյո՞ք յուրաքանչյուր ոք կարող է խոհարար լինել։

Խոհ-արար, բառն էլ է հուշում։ Սկզբում մտածում ես, հետո սկսում արարել։ Խոհարարը ստեղծարար է, ով հմուտ կերպով համադրելով ՙհում՚ բաղադրիչները, և ամեն անգամ իր մի մասնիկը դնելով ճաշատեսակի մեջ, ստեղծում է տրամադրություն։

Խոհարար լինելու համար պետք է ունենալ ծով համբերություն և մեծ նվիրում։ Կան կանոններ, որ պետք է իմանալ, մնացածը հենց երևակայության տիրույթն է։

Ավելի համեղ պատրաստում են կանայք, թե՞ տղամարդիկ։

Միանշանակ ոչինչ չենք կարող պնդել։ Կարևոր չէ՝ ով է պատրաստում, կարևոր է՝ ինչպես։ Եթե տարբեր խոհարարներ միևնույն բաղադրատոմսով պատրաստեին նույն կերակուրը, բոլորն էլ տարբեր կստացվեն։ Համեղ է այն, ինչի մեջ հոգի ես դնում։

Ի՞նչ խորհուրդ կտաք փորձել մեր այցելուներին:

Ամեն ուտեստ ունի իր բնավորությունն ու տրամադրությունը։ Երբեմն էլ ուտեստն է քեզ ընտրում, և ոչ հակառակը։ Այնպես որ ճամփորդեք և ունեցեք բազում կայարաններ, համոզված եմ՝ «Ձերը» կգտնի Ձեզ։

Next Station Degustation
Login